Բաժիններ

пятница, 6 декабря 2013 г.

Ժամանակակից Պոեզիա (Ներսես Աթաբեկյան)





Հանկարծ Հասկացա

Մենք իրար պարզված
մատներ ենք կույրի
ու չենք հանդիպում

մենք իրար պարզված
մատներ ենք նույնիսկ
երբ արդեն չկանք

մենք ձայն ենք
վաղուց երկնաքարտեզից
ջնջված երկնքում

մենք ջրի ձայն ենք
անապատների
երկրում ճաքճքած

մենք աչք ենք
երկինք նայող ջրհորի
թափանցիկ կոպով

մենք կանչ ենք
երկինք նայող ջրհորին
աստղի հետ կապող

երես առ երես
միևնույն դեմքն ենք
դարով վրիպած

լուսնակածանով
քայլողի հետքեր
որ թափվում են ցած…

***
Արի՛, արի՛՝ ասաց
աշունը կարմիր ծառուղու-
անսեռ,
ինչպես աշուն է լինում
նոյեմբերի 20-ից հետո,-
դեմքը կիսադեմ էր կրկնակիսատ,
գլխին՝ կնգուղ,
ձայնը՝ արի՜ ասաց՝
կյանքն ավելի կյանք է եղյամի տակ…

Ջրափոսի ճաքած սառցաշերտից
ես նայեցի այնտեղ,
ուր պետք է որ սրտիս
սպին լիներ՝ անցած կյանքից հետո,-
ու չտեսա.
շա՜տ աշուն էր…

Երկար երկարում եմ ձեռքս՝
ծառուղու չափ,-
ծառն ավելի ծառ է,
երբ չորանա,
և ավելի, եթե ծառ ես խաղում
տերևաթափ եղած մի ծառուղում-
մինչև լճափ…

Комментариев нет:

Отправить комментарий