пятница, 6 декабря 2013 г.

Շառլ Ազնավուր



Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:
2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով:
Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:
Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ…»: Շառլ Ազնավուր

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,– Շառլ Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը:


Իմ հուզիչ սերԴու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ,
Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում,
Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ
Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում:



Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն
Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք.
Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն,
Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ:

Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու,
Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան,
Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն,
Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական:

Իմ ջանքերը տեսնելով` դու ծիծաղում ես անձայն,
Քանզի ձախողակ եմ ես, ու հաճախ եմ սխալվում,
Մատներս անվարժ են դեռ, ուղղագրությունս` կաղ,
Բայց ամեն գնով կասեմ, որ քեզ այնքա~ն եմ սիրում:

Իմ սեր, իմ հուզիչ սեր,
Հիասքանչ իմ սեր, սրտառուչ իմ սեր:

***Տերն ինձ տվեց աչքեր և ասաց՝ նայի՛ր,
Ես շատ նայեցի, բայց ոչինչ չտեսա:
Տվեց սիրտ և ասաց՝ եղի՛ր ուշադիր,
Ուշադիր էի, բայց մի օր այն կորցրի, մոռացա:



Տվեց ինձ սեր. ավա՜ղ, ափսոսում եմ այն,
Հեռացավ-կորավ, և ինձ բնավ չի հուզում,
Տվեց մարմին ինձ՝ գլուխս կորցրի սակայն
Եվ տրվեցի մարմնով անծանոթների բազում:

Գիշերվա համար տվեց երազներ անեղծ,
Բայց մղձավանջներով են գիշերներս լի,
Տվեց շուրթեր ինձ, որ շշնջամ անկեղծ՝
Չասացի ոչինչ անհույս խոսքերից բացի:

Տվեց արցունքներ, որ ծիծաղեմ ու լամ,
Բայց չեմ լալիս երբեք, իմ սիրտն է քարից:
Նա տվեց ինձ նաև խի՛ղճ մինչև անգամ,
Բայց չի լսվում նրա ձայնն հոգուս խորքերից:

Կարդալու համար տվեց գրքեր անհատնում,
Ես այրեցի դրանք՝ առանց բացելու,
Տվեց ձեռքեր, որ ես աղոթեմ խորանում,
Բայց դրա՞խտն է, թե՞ դժոխքն ինձ ընդունելու:

Տվեց ինձ հոգի՛ս, որ պահեմ անաղարտ,
Բայց մի օր ես այն ծախեցի դևին:
Իմ կյա՛նքը տվեց ինձ, որ ապրեմ զվարթ,
Բայց կյանքս իմ ձեռքով դարձրի փուչ ու սին:


Նկարը և տեղեկությունը` Տես այստեղ
Բանաստեղծությունները`Տես այստեղ
Շառլ Ազնավուրի Լա բոհեմը երկու տարբերակով(Հայերեն և Ֆրանսերեն) լսիր`Այստեղ և այստեղ

Комментариев нет: