четверг, 6 февраля 2014 г.

Տերյանի Ժամանակը



... Տերյանի ժամանակները սկսվել են շատ վաղուց, ավելի վաղ, քան ինքը՝ Վանիկը լույս աշխարհ կգար Ջավախք կոչվող չնաշխարհիկ անկյունում և աշխարհամուտի իր փաստաթուղթը՝ ՙՄթնշաղի անուրջները՚, կմեկներ աշխարհին՝ սրանից շուրջ 100 տարի առաջ (1908-ին):
Եվ դա պիտի պատահեր այն սրբալույս հողի վրա, ուր Տեր-Ղազարը 1830-ին Կարինի Կարճնկոց գյուղից պիտի գար, նրա որդի Տեր-Գրիգորը Գանձայում եկեղեցի պիտի հիմնադրեր, նրա որդի Տեր-Սուքիասը՝ իր բազմանդամ ընտանիքի ծանրաբեռ հոգսերի մեջ նաև ՙ... Տոլստոյի ավետարանը պիտի համեմատեր ավետարանիչների տարբերակների հետ և զանազան աստվածաբանական-մետաֆիզիկական հարցերով չարչարեր իր ուղեղը՚ (Ավ. Իսահակյան) և գիշերներ լուսացներ ՙՄշակ՚ թերթի համարները քրքրելով՝ աշխարհի բանն ամբողջովին ու շիտակ հասկանալու համար:
Դա Աստծո կամքն էր և տեղը նույնպես աստվածընտրյալ՝ ՙԲարձրագահ Աբուլի ու Մթին սարերի՚ (Հովհ. Թումանյան) ծոցում, որն աշխարհից վեր է և ուրիշ, և երկնքին մոտ է ավելի: Որտեղ՝ ՙՀոգնած արևը թեքվում է դեպի Աբուլ լեռը, գագաթները հրդեհվում են ու դժգունում, անրջային կիսալույսերով կամաց-կամաց իջնում է մթնշաղը, նախիրը տուն է դառնում հանդերից, վառվում են տների ճրագները, գյուղի աղմուկները լռում են սակավ առ սակավ, հանգչում են բոլոր շշուկները... Լռություն, միայն ձորի առուն է մրմնջում նիրհի մեջ սուզված, լճից շվշվում է զեփյուռի մեղմ սրինգը...՚ (Ավ. Իսահակյան):

Վահանը եկավ ու իր ձայնը խառնեց Սուրբ Մեսրոպի տառաբաշխ ոսկեղենիկ բառին և առ Աստված ուղղված Նարեկին, որ Գրիգոր անունով մեկ ուրիշ հայորդի՝ նույնպես ոսկեղենիկ աղերսով հյուսեց՝ իբրև հայ խոսքի ու կամքի, հայ մտքի ու իմաստնության, հայ բարոյականության ու խղճի բովանդակ մի սիմֆոնիա:
Վահանը եկավ ու լցվեց այդ սիմֆոնիայի մեջ, նրանով հայ խոսքի սիմֆոնիան ավելի ամբողջացավ ու զորացավ, հայը մի քիչ ավելի հայացավ ու մաքրվեց, իսկ ինքը դարձավ այդ սիմֆոնիայի հավերժամնա ուղեկիցը՝ գույներից մեկը, ձայներից մեկը, ամբողջի անխոտորելի ու անբաղդատելի բաղկացուցիչը:
Այս վերերկրային ու տիեզերական Տերյանից բացի, սակայն, որ այսպես թե այնպես նաև բանականության խտացում է, կա մեր կողքին քայլող մեկ ուրիշ Տերյան ևս, որն ամեն նոր ընթերցողի հետ նորովի նստում է երկխոսության, ամեն անգամ նոր սերնդի շուրթերով հնչեցնում ժողովրդի գոյության պես անվերջանալի ՙՄի±թե վերջին պոետն եմ ես՚ աղոթք դարձած տագնապը:
Նրա տողերում շարունակաբար տրոփում է մեր ժողովրդի բազմահազար պանդուխտ զավակների ծով կարոտը, նոր իմաստ է ստանում մեր անցյալ ու ներկա պատմության, մարդ-հող պորտալարի կենդանի կապը, առանց որի կյանքն անիմաստ ու ձանձրալի մի գոյություն է:
Պոետն ապրեց դժվար ու հակասական մի ժամանակ. պատերազմ, հեղափոխություն-հեղափոխության հետևից և շարունակաբար անորոշ էր Նաիրի երկրի ճակատագիրը: Մի կողմում պետական-քաղաքական գործիչ Տերյանի քաղաքական անվերջանալի տվայտանքներն էին՝ ՙԹուրքահայաստանի մասին՚ դեկրետով, մյուս կողմից արյան արիական հպարտությունը՝ ՙՄի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին՚, որովհետև դաժան իրականության մեջ ցանկալին ընդամենը ցնորք էր, մտքի մորմոք, որովհետև հերթական անգամ հոգևոր երազը, քրիստոնեական բարությունն ու մարդասիրության ոգին նահանջելու էին քաղաքական խարդավանքի առջև:
Բայց Տերյանը գտավ հաղթելու ուղին, գտավ Հոգևոր Հայաստան կերտելու ճշմարիտ փիլիսոփայությունը՝ հավատի փիլիսոփայությունը, իր պապերից ժառանգած արարման փիլիսոփայությունը, և շրջապատի իրարահաջորդ պարտությունների շղթայում նա հաղթեց: Հաղթեց՝ բզկտված մի բուռ Հայաստանի ճակատագիրն իր գենետիկական մակարդով կապելով Արարատի լանջին փռված հայի ազգային երազանքին, իր լավատեսությամբ նեցուկ դարձավ մաքառող համայն հայությանը, որն Արարատի սուրբ պատկերը հոգում հաղթել ու հաղթելու է շարունակաբար:
Մենք այսօր նշում ենք Վահան Տերյանի ծննդյան 120-ամյակը, որը նաև մեկ այլ լուսեղեն խորհուրդ ունի կատարվում է հայ ժողովրդի համար համազգային տոնի՝ Մեսրոպյան գրերի գյուտի 1600 ամյակի հետ:
Վստահ եմ, ժամանակը մեզ երբեք չի բաժանել ու չի բաժանելու Տերյանից, որովհետև հոգևոր սովի խորացող սպառնալիքի մեր օրերում անգամ մարդ սիրում ու տառապում է, փնտրում ու կորցնում է և Տերյանի պատկերներով է իմաստավորում նաև իր գոյությունն այս մեծ աշխարհի իր անկյունում: Հայ մարդու ինքնաճանաչման և տիեզերական փնտրտուքի դժվար ճանապարհը շարունակելու է անցնել նաև Վահան Տերյանի բառի ու բանաստեղծության միջով:
Գյոթեն համոզված էր, որ բանաստեղծին ճանաչելու համար պիտի լինել նրա հայրենիքում: Տերյանի օրինակն այս առումով ավելի քան տիպական է, և այն իր ամբողջ էությամբ դրսևորվում է հատկապես Տերյանական պոեզիայի տոնի այս օրերին, երբ ջավախքցի մանչ ու աղջկա շուրթերից կարկաչուն Փարվանայի նման հնչում է բանաստեղծի արքայական լեզուն: Հիրավի, այնտեղ պիտի լինել հասկանալու, թե որտեղից է գալիս բանաստեղծի հոգու ուժը, անչափելի կենսասիրությունը, դիմակայելու, հաղթելու և ապրելու կամքը: Եվ մեկ անգամ ևս համոզվելու, ինչպես կվկայեր Վահան Տերյանի կրտսեր գրչեղբայր Վիլյամ Սարոյանը, որ այնտեղ ապրող մարդկային ցեղին ՙ... չի կարող ոչնչացնել ոչ կոտորածը, ոչ երկրաշարժը, ոչ սովը, ոչ խելագարությունը, ընդհանրապես ոչ մի ուժ չի կարող (նրան) ջնջել աշխարհի երեսից՚:
Այսօր մենք նշում ենք Վահան Տերյանի ծննդյան 120 ամյակը. կանցնի էլի 100 տարի, 200 տարի կամ 2000 տարի, և Տերյանն իր հավերժ ներկայությամբ կմնա մեր ժողովրդի հարատևող պատմության մեջ, իր ապրեցնող զորությունը կբերի, որպեսզի շարունակեն ապրել իր տաղանդի ուժով անմահացած Գանձան ու Ջավախքը, և աշխարհի այս հատվածում նույնպես շարունակաբար հնչի ՙարքայական մեր լեզուն՚:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն

Комментариев нет: