пятница, 10 апреля 2015 г.

2-րդ համաշխարհային պատերազմ




Երկրորդ համաշխարհային պատերազմ է կոչվում այն ռազմական գործողությունը, որը տեղի է ունեցել 1939 թվականի սեպտեմբերի 1-ից մինչ 1945 թվականի սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում` պատերազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ է համարվում Գերմանիայի հարձակումը Լեհաստանի վրա 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ ավարտը` 1945 թվականի սեպտեմբերի 2-ը` ամերիկյան «Միսսուրի» գծանավի վրա Ճապոնիայի անվերապահ կապիտուլյացիայի ստորագրումով: Պատերազմը համաշխարհային պատմության մեջ իր մասշտաբներով չունի համարժեքը: Այս կամ այլ ձեւով այդ ժամանակ մոլորակի վրա գոյություն ունեցող 73 պետությունից 61-ը մասնակցել է այս պատերազմում: Պատերազմում ներգրավված է եղել երկրի բնակչության 80% -ը, իսկ պատերազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքների տարածքներում եւ չորս օվկիանոսների ջրերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վեց պետություններ մասնակցել են ինչպես նացիստական բլոկի, այնպես էլ հակահիտլերյան կոալիցիայի կողմից: Դրանք են՝ Իտալիան, Ռումինիան, Բուլղարիան, Ֆինլանդիան եւ Իրաքը: Նացիզմի դեմ պայքարում այս ցուցակին վերջինը միացել է Ֆինլանդիան` 1944 թվականի սեպտեմբերի 19-ին: Խորհրդային Միության մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին բաժանվում է երկու ժամանակահատվածի` Հայրենական Մեծ պատերազմը (1941 թվականի հունիսի 22-ից մինչ 1945 թվականի մայիսի 9-ը) եւ խորհրդային-ճապոնական պատերազմը (1945 թվականի օգոստոսի 9-ից մինչ սեպտեմբերի 2-ը): Խորհրդային պատմագրության մեջ ընդունված չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներառել այնպիսի դրվագներ, ինչպիսիք են Կարմիր բանակի Լեհաստանի արշավը 1939 թվականին, խորհրդային-ֆիննական պատերազմը 1939-1940 թվականներին եւ Խալխին-Գոլե հակամարտությունը 1939 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմը մնում է միակ զինված հակամարտությունը, որի շրջանակներում միջուկային զենք է օգտագործվել: 1945 թվականի օգոստոս 6-ին «փոքրիկ» կոչվող ռումբը նետվեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա, իսկ օգոստոսի 9-ին ԱՄՆ օդուժը «հաստլիկ» անվանումով լիցքը նետեց Նագասակիի վրա: Մահացածների ընդհանուր թիվը կազմեց 90-166 հազար մարդ` Հիրոսիմայում եւ 60-80 հազար մարդ` Նագասակիում: Չնայած այն հանգամանքին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անցել է 69 տարի, Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: 1939թ. սեպտեմբերի 1-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, որով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Դրանից մեկ շաբաթ առաջ` օգոստոսի 23-ին Գերմանիան եւ ԽՍՀՄ-ը ստորագրել էին չհարձակման համաձայնագիր, որով ազդեցության գոտիների էին բաժանել Արեւելյան Եվրոպան: 1939-40թթ. Գերմանիան գրավեց գրեթե ողջ Եվրոպան, իսկ ԽՍՀՄ-ը տարածքներ գրավեց Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ռումինիայից, խորհրդայնացրեց Մերձբալթյան հանրապետությունները:
1941թ. հունիսի 22-ին Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա: Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը: Այն բաժանվում է երեք ժամանակաշրջանի: Առաջին փուլն ընդգրկում է 1941թ. մինչեւ 1942թ. նոյեմբեր ամիսը, երբ խորհրդային բանակը հիմնականում կրում էր պարտություններ եւ նահանջում՝ թշնամուն թողնելով հսկայական տարածքները: Եկրորդ փուլը սկսվում է 1942թ. նոյեմբերին, երբ ծավալվեց Ստալինգրադի ճակատամարտը, որում խորհրդային բանակը տարավ պատմական հաղթանակ եւ բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ: Այն ամրապնդվեց 1943թ. ամռանը Կուրսկի ճակատամարտում տարած հաղթանակով: Երրորդ փուլն ընդգրկում է 1944-1945թթ., երբ խորհրդային զորքերը թշնամուց ազատագրեցին օկուպացված շրջանները, Արեւելյան Եվրոպայի երկրները եւ հաղթականորեն մտան Բեռլին:
1945թ. մայիսի 9-ին Գերմանիայի պարտությամբ ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, իսկ սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի կապիտուլյացիայով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը հսկայական արհավիրքներ պատճառեց ամբողջ մարդկությանը:



Աղբյուր՝ 1,2




















































































































Комментариев нет: