вторник, 1 декабря 2015 г.

ՀՀ Սահմանադրության փոփոխություններ


Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները


Գործող սահմանադրություն
Հոդված 49.
  • Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Ընդունվող սահմանադրություն

Հոդված 123.
  • Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
  • Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
  • Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները

Գործող սահմանադրություն
Հոդված 50.
  • Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:
  • Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
  • Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Ընդունվող սահմանադրություն
Հոդված 124. 


  • Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:
  • Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
  • Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
  • Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
  • Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Հանրապետության նախագահի ընտրության կարգը

Գործող սահմանադրություն
Հոդված 51
  • Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։
  • Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:
  • Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո՝ տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ։ Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
Ընդունվող սահմանադրություն
Հոդված 125. 
  • Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
  • Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
  • Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
  • Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
  • Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
  • Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:

Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը
Գործող սահմանադրություն
Հոդված 53.

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը։



Ընդունվող սահմանադրություն
Հոդված 126. 

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը
Գործող սահմանադրություն
Հոդված 54.

Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։»:

Ընդունվող սահմանադրություն
Հոդված 127. 

Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:


Օրենքի ստորագրումը և հրապարակումը
Գործող սահմանադրություն
Հոդված 55.

 Հանրապետության Նախագահը՝

  • Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն:
  • Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
  • Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը եւ նշանակում արտահերթ ընտրություն.
  •  Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

  • Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը.

  •  օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
  • զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
  • Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:
  • Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել եւ ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։
  • Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
  • Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

  • սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

  • Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։

Ընդունվող սահմանադրություն

Հոդված 129.
Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:



Հոդված 130. Կառավարության հրաժարականի ընդունումը

Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:

Հոդված 132. Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականությանբնագավառում


Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր.

2) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.

3) ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:
Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:



Հոդված 133. Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում


Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:




Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը
Գործող սահմանադրություն

Հոդված 57.

  • Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
  • Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:
  • Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
  • Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:


Ընդունվող սահմանադրություն

Հոդված 141. 
  • Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:
  • Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
  • Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Գործող սահմանադրություն
Հոդված 58.


Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, եւ Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:



Ընդունվող սահմանադրություն
Հոդված 142. Հանրապետության նախագահի հրաժարականը


Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:




Հոդված 143. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը


Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Սահմանադրական դատարանը Կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:


Հոդված 144. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:



Комментариев нет: