воскресенье, 20 марта 2016 г.

Սմբատաբերդ




Արտաբույնք գյուղից 750 մ հարավ-արևելք է: Կոչվում է նաև Ցաղաց քարի բերդ` վանքի դիմաց գտնվելու պատճառով: Կառուցվել է ուղղաձիգ կողերով լեռան գագաթին:
Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով: Ունի կիսաբոլոր աշտարակներով հզոր պարիսպներ, որոնց պահպանված բարձրությունը հասնում է մինչև 8-10, իսկ լայնությունը` 2-3 մետրի:
Հուշարձանի ընդհանուր տարածքը 6,5 հա է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի` հարավային և հյուսիսային, որոնք երկուսն էլ ունեցել են միջնաբերդ: Պահպանվել են միջնաբերդերի, զորանոցների, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք` հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից:
Ամրոցը հիշատակվում է V դ. Վարդանանց պատե­րազմի առնչությամբ: Այն IX-XI դդ. պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, ավելի ուշ` XIII դ., նվիրաբերվել է Օրբելյան իշխաններին` Վայոց ձորը սելջուկներից ազատելու ընթացքում մատուցած ծառա­յությունների համար:
Բերդը հիմնովին ամրացվել է XIII դ., սակայն XVII դ. ամբողջապես ավեր­վել է և լքվել` Շահ-Աբբասի, ապա թուրք-պարսկական պատերազմների հետևան­քով: Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ` բերդի անունը կապվում է Սմբատ I Բագրատունու (890-914 թթ.) անվան հետ:
Մեկ այլ տեսակետի համաձայն` ամրոցն անվանակոչվել է ի պատիվ XIII դ. Սյունիքի հեղինակավոր քաղաքական գործիչ Սմբատ Օրբելյան իշխանի: Ստեփանոս Օրբելյանը Վայոց ձորի հզոր ամրոցների թվում հիշատակում է Կապույտ բերդը: Ենթադրվում է, որ Սմբատաբերդը նույնացվել է վերջինի հետ:

Комментариев нет: