вторник, 31 марта 2015 г.

Մինչև տասնվեց տարեկաններին․․․չի արգելվում



Ես հիշում եմ ժուռնալիստական իմ առաջին լուրջ գործուղումը՝ քսան տարի առաջ։ Մեր երիտասարդական թերթն ինձ ուղղարկեց Հայաստանի լեռնային գյուղերից մեկը, որտեղ երկու տասներորդ դասարանցի ինքնասպանությամբ վերջ էին տվել իրենց կյանքին։ Սիրել էին իրար, մի օր նրանց տեսել էին ձորում, ծառերի մեջ, պառավ մի կնոջ թվացել էր, թե տեսավ, որ նրանք համբուրվեցին, և գյուղի լռության վրա պայթել էր բամբասանքի կրակահերթը։ Տասնվեցամյա աղջիկը չեր դիմացել և նույն գիշեր վերջ էր տվել կյանքին։ Բայց մահն անգամ չեր կասեցրել բամբասանքի ձնագնդի ընթացքը։ «Հղի է եղել», - քթի տակ փնթփնթացել էր մեկը։ «Հղի է եղել, - անմիջապես չարագույժ կրկնել էր գյուղի Հունական «երգչախումբը», - հղի է եղել, դրա համար․․․ »։ Տղան անհետացել էր գյուղից, հայտնվել հաջորդ օրը՝ մայրաքաղաքի բժիշկների հեղինակավոր խմբով։ Դիահերձումը ժխտել էր քսու բամբասանքը, իսկ շտապ օգնության մեքենան գյուղից չհեռացած՝ կյանքին վերջ էր տվել նաև տղան, երկտող թողնելով աղջկան․ «Ների՜ր, որ երկու օր ավելի ապրեցի։ Ես պարտավոր էի պաշտպանել մեր սերը»։ Հետո եղել էր՝ ինչպես գրքերում է լինում, նրանց թաղել էին կողք-կողքի, ընտանիքները հաշտվել էին այդ միամիտ, ազնիվ գերեզմանների առաջ։ Ես փորձեցի գրել այս ողբերգության մասին, հասկանալ և պաշտպանել պատանիների փխրուն սերը, նրանց անպաշտպան անժանապատվությունը, որ թանկ նստեց՝ երկու կյանք։ Փորձեցի լուրջ խոսակցության ներքաշել նրանց հասակակիցներին՝ սիրո, կյանքի, մահվան, մարդկային տգիտության ու լույսի մասին։ «Հուշարձան՝ անհայտ սիրահարին» - այսպես էի վերնագրել հոդվածս․ իսկական սերը ես համարձակվել էի համարել նաև պատանի սրտերի իրավունք և այդ սիրո համար մեռնելը՝ հոգեկան քաջություն։ Հոդվածի դեմ բարձրացավ գյուղի, դպրոցի, անգամ լուսավորության մի շարք բարձրաստիճաններ պաշտոնյաների զայրութի իններորդ ալիքը, և հոդվածի տպագրությունը ձախողվեց։ Հազարավոր պատանիների հետ իմ երազած մեծ զրույցը չկայացավ։ «Նրանց ոչ թե սիրելու, այլ սովորելու ժամանակն է, - խրատեցին ինձ, - ամեն ինչը իր ժամանակն ունի»: Տասը տարի անց ես, այնուամենայնիվ, Հիշատակեցի այս ողբերգությունը իմ հոդվածներից մեկում, նորից անդրադարձա տխուր եղելությանը, և ծնվեց «Ապրած և չապրած տարիներ» վիպակը՝ պատանիների ողբերգական սիրո սյուժետային զսպանակով։ «Ռոմեո և Ջուլիետ» - հնարավոր է ու հասկանալի, Տատյանայի նամակը Օնեգինին՝ նույնպես, Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթերը», որի մանկամարդ հերոսուհին սիրո Համար նույնպես զոհեց իր կյանքը, հասկանալի է։ Այս և նման գրքերը անցնում են 15-16-17 տարեկան պատանիները՝ դպրոցական ծրագրով, այդ գրքերի մասին շարադրություններ են գրում, այդ գրքերից քննություն են հանձնում, բայց․․․ Այդ ամենը գրականություն է, ասում են, իսկ կյանքում․․․ Իսկ ինչո՞ւ չի կարող դպրոցական նստարանին նստած լինել մի Ջուլիետ կամ Տատյանա կամ արքայազն Համլետ․․․ Ուրեմն՝ ասո՞ւմ ենք բարձրաձայն, թե՞ չենք ասում, ընդունո՞ւմ, թե՞ չենք ընդունում՝ պատանին ապրում է լուրջ կյանք՝ իր տառապանքով, իր հարցականներով, կենսական իդեալի ցավագին որոնումներով։ Ուրեմն՝ 15-16-17 տարեկան պատանին արժանի է լուրջ, խոր խոսակցության և, եթե գրականությունը, հրապարակախոսությունը խուսափում են այդ լուրջ խոսակցությունից՝ պատանու հոգին ընդհատակ է անցնում։ Ես լիովին պաշտպանում եմ Վ․Տենդրյակովի «Ավարտական գիշերը» վիպակը, որը պատանիներին հասցեագրվող գրականությունը չի դարձնում տասն անհայտով հավասարում, այլ բացում է փակագծերը, ինքն ՝ ընդառաջ գնում կյանքի, սիրո, նպատակի մասին դաժան խոսակցության։ Այդպիսի դաժանությունը, կարծում եմ, չի վնասի պատանիների հոգու ձևավորմանը։ Կօգնի՛։ Իսկական, մեծ սիրո ամենախոր Հոգեբանական մարմնավորումը չի խաթարի պատանու հոգեկան աշխարհը։ Ես հիշում եմ, 8-րդ դասարանում, մեծերից թաքուն, մենք մի գիշերում ողջ դասարանով կարդացինք «Մանոն Լեսկոն»: Շատ բան մենք երևի չհասկացանք այդ քնքուշ վեպից, բայց ասպետ դե Գրեոյի և Մանոնի զարմանալի սերը չթուլացավ, չաղավաղեց մեր բարոյական աշխարհի դիմանկարը, այլ ցնցեց մեզ, զորացրեց մարդկության սիրո վեհության կենարար շնչով։ Այդ գիշեր մենք երևի կռահեցինք մարդկային մեծ զգացմունքների գոյությունը, կյանքի ու մահվան կապույտ խորհուրդը կանգնեց մեր առաջ շոշափելի ու բնական, և երբ դժբախտ ասպետը մատներով իր սիրեցյալի գերեզմանն էր փորում, մենք լաց էինք լինում և երևի անշշուկ երդվում, թե այդպես կսիրենք նաև մենք։ Եվ դա չէր խանգարում, որ մեր կուռքը լիներ նաև Պավել Կորչագինը, որը պատանեկան իր հոգու ողջ կորովը աշխատավոր մարդու երջանկության պայքարին նվիրաբերեց, հեղափոխության նկատմամբ իր անթեք հավատարմությունը հավաստեց մարդու համար ամենաթանկ բանով՝ կյանքով։ Այս ամենը շաղկապված և զուգորդված են իրար, որովհետև չի կարող, երևի, հայրենիքին հավատարիմ լինել նա, ով դավաճանում է ընկերոջը, ով դրժում է իր տված ազնիվ խոսքը, ով սիրո զգացմունքի մեջ չի դնում իր հոգու բոլոր թրթիռները։ Այո՛, մեծ հաշվով՝ չկա զուտ պատանեկան գրականություն, այսինքն, չկա մարդկային կյանքի մի ոլորտ, մարդկային հոգեբանության մի շերտ, որի գեղարվեստական մարմնավորումը անհնար լինի հասցեագրել 15-16-17 տարեկանին, այլ բան է, որ այդ տարիքում՝ փորձի և իմացությունների պակասի պատճառով՝ նա կարող է ընկալել ոչ ամեն բան։ Դրա համար նույն գրքերը մենք կարդում ենք տարբեր տարիքում և հաճախ հայտնաբերում ենք շատ թաքուն շերտեր և երանգներ։ Պատանին այդ տարիքում նաև հանդիպում է մարդկային ստորության, հոգեկան կեղծիքի ինչ-ինչ դրսևորումների և տանջալիորեն խորհում է նաև այդ բաների մասին։ Խորհում է ու պատասխաններ է որոնում։ Նաև արվեստի՛ մեջ է որոնում այդ պատասխանները։ Հիշում եմ, տարիներ արաջ երիտասարդական հանդեսի խմբագրություն եկավ տասնհինգ տարեկան մի պատանի։ Նա պատմեց, Թե հայրը շարունակ անստորագիր նամակներ է գրում տարբեր մարդկանց մասին և երբեմն ստիպում է, որ այդ նամակները որդին արտագրի։ Սկզբում նա հորը համարել է արդարության համար մարտնչող, բայց երբ մի օր հայրը թելադրել էր նրան նամակ իր գործնկերոջ մասին, որ նախորդ օրը իրենց տանն էր եղել, և որի պատվին հայրը ոգեշունչ բաժակաճառ էր ասել, տղան տանջալի մի գիշեր էր անցկացրել բաց աչքերով և առավոտյան խմբագրություն եկել։ Նա չէր ուզում այլևս ապրել հարազատ հարկի տակ, նա պահանջում էր գրել նման հայրերի մասին։ «Կյանքը պատանու առաջ դնում է բազում «եթե»-ներ։ Այն արարքները, որը խանգարում են իրավական նորմերը, արտահայտվում են օրենքի հոդվածներով։ Իսկ եթե արարքը վիրավորում է մարդուն, բայց քրեականորեն պատժելի չէ՞։ Եթե չկան ուրիշ դատավորներ, քան խիղճը, բարեկամների և հասարակության կարծի՞քը։ Որտե՞ղ փնտրել պատասխանը ինչպե՞ս ապրել հարցի։ Գրքերո՞ւմ» (Է, Ցյուրուպա, «Л. Г.», 1976, N 39):
Այո՛, նաև գրքերո՛ւմ։
Ազնիվ, տաղանդավոր, ճշմարտացի գրքերում։
Պատահում է նաև, որ պատանեկան դյուրաբեկ հոգին չի դիմանում, փշրվում է, աղավաղվում, և այդ պահին է, որ քաղքենիության չար սերմը առատ բերք է տալիս նրա հոգու սևահողում։ Երևանյան մի պատանի դպրոցական շարադրություն էր գրել և ի՞նչ է երազում հարցին պատասխանել էր, որ ուզում է դառնալ․․․շինարարության մինիստր։ Ոչ թե շինարան կամ ճարտարապետ, որ հասկանալի և բնական կլիներ, որովհետև շինարարական գործը մեր կյանքի սքանչելի բնագավառերից մեկն է, այլ մինիստր, ոչ ավելի, ոչ պակաս։ Այդ «երազանքի» առիթը ոչ թե շինարարության մինիստրի բարդ, դժվարին, քրտնաջան աշխատանքի գիտակցումն էր այլ միայն այն բարիքների, որ, իբր, կարող է տալ այդ դիրքը։ Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ այդ տղայի հայրը շինարարության մինիստրության երկարամյա աշխատող է և երևի ամեն օր տանը քրթմնջում է իր բախտից, թվարկում մինիստրի արտոնությունները․․․ Եվ ահա այդ քրթմնջոցների մեջ ձևավորվում է պատանի կարիերիստը, որը վաղը, իսկապես որ, կարող է չարիք դառնալ հասարակության համար։ Այս իրավիճակի գեղարվեստական մարմնավորումը կարո՞ղ է նաև կասեցնել պատանեկան հոգու հնարավոր աղավաղումը։ Իհա՛րկե։
Երեխան, պատանին շատ բան է տեսնում, պատանեկան հոգու անտենաները որսում են շատ բան՝ ընտանիքից, փողոցից, հասարակությունից, և իզուր ենք մենք կարծում, թե հասունության սահմանագիծը հասունության ատեստատով է սկսվում։ Հասունության սահմանների վրա անվտանգ երթևեկության նշաններ չեն դրված և սահմանապահներ չեն հսկում։ Վերջին տարիների Հայ արձակի ամենաուշագրավ երևույթներից մեկը՝ Աղասի Այվազյանի «Եռանկյունի» վիպակը 12-13 տարեկան պատանու աչքերով դիտված կյանքն է, հինգ դարբինների զարմանալի աշխարհը, որտեղ պատանին տեսնում և զանազանում է մարդկային հոգեբանության ու բարոյականության ամենանրբին թրթիռները։ Եվ դա սոսկ գրական հնարք չէ, այլ նաև հավաստի՝ կյանքի, ճշմարտության առումով։ Երբ մեր մեկ ուրիշ արձակագրի՝ Հովհաննես Մելքոնյանի «Հեծանիվ» վիպակի պատանի հերոսն է խորհում պատերազմի, կյանքի ու մահվան հարցականների մասին, սա դարձյալ սոսկ գրական հնարք չէ, այլ պատանի հոգու բնական իրավիճակ։ Եվ դա հասցեագրված է ոչ միայն մեծերին, այլ նաև այդ վիպակի պատանի հերոսի հասակակիցներին։ Ինչո՞ւ պատանին կամ աղջիկը ամենալուրջ ստեղծագործության հերոս կարող են դառնալ, իսկ ընթերցողը՝ ոչ։ Ինչո՞ւ գրողը պատանու աչքերով կարող է հատնագործել կյանքի ամենաբարդ շերտերը, իսկ այդ հերոսի հասակակիցը իբր չի հասկանա կամ սխալ կընկալի տվյալ երկը։ Չվախենանք, որ պատանիները նաև կտխրեն, որ հաճախ կնճռոտվի նրանց մաքուր ճակատը։ Նրանց հոգու հրթիռներին  վառելանյութ է հարկավոր և պարտադիր չէ, որ այդ վառելանյութը ծիածանի գույներն ունենա։ Թող, այո՛, պատանին նաև տառապի, մտածի մարդկային հոգու նաև ստվերների մասին, թող նա իր լռության մեջ քննարկի կարդացած գիրքը, իր շրջապատում տանջալիորեն որոնի գրքի հերոսների նախատիպերին կամ կրկնօրինակներին, զանազանի նրանց ազնիվ ու վեհ հոգիներից՝ գրականության լոկատորի օգնությամբ։ «Մարդու համար ամենաթանկագինը կյանքն է․․․», - քանի՜ սերունդ է՝ իբրև սեփական խոհերի ձևակերպում՝ կրկնել կորչագինյան այս սքանչելի մենախոսությունը, և մի՞թե Պավկայի կերպարը որևէ չափով խամրել-կասկածելի է դարձել այն էջերում, երբ նա դարակում որոնում էր ատրճանակը, լրջորեն խորհելով ինքնասպանության մասին։
Այո՛, պատանիներին հարկավոր են ռոմանտիկ հերոսներ, բարձր նպատակ ասպետներ, բայց այս ամենը՝ չկտրված կյանքի այսօրվա ռեալությունից։ Պատանին պետք է հավատա այդ կերպարների ռեալ գոյությանը և գտնի նրանց ՝ իր միջավայրում։ Որոնի և գտնի։ Բոռի կերպարը չէր կարող այդքան հմայիչ լինել, եթե նա դրված չլիներ գործնական նպատակի ռիթմի մեջ, եթե նա չունենար մարդկային դժբախտ, բայց բնական կենսագրություն։
«Մինչև տասնվեց տարեկան երեխաներին արգելվում է» - կարդում ենք ինչ-ինչ կինոնկարների հայտագրերի վրա։ Գրքերի ճակատին այսպիսի բան չի գրվում։ Եվ ապա՝ նաև միչև տասնվեց տարեկաններին անհնար է արգելել․․․մտածել։ Մտածել կյանքի ոչ միայն մարդկային հոգու վեհության, այլև ստորության և կեղծիքի մասին։ Պատանիներին արգելվում է դիտել սիրային որոշ կինոնկարներ, բայց անհնար է արգելել սիրո երկրաշարժի սկիզբը։ Մանավանդ որ՝ անհնար է որոշել այդ երկրաշարժի սկսվելը․ այդպիսի սեյսմոգրաֆ չկա։ Դպրոցական վարքի կանոններն ամենևին էլ չեն սպառում պատանեկան ներաշխարհի ողջ բարդությունը և չեն կարող սահմանել բոլոր այն իրավիճակները, որոնց դեմհանդիման կարող է մնալ 15-16-17 տարեկան պատանին։ Գրականությունը բարձրագույն մաթեմատիկայի դասագիրք չէ, բայց օգնել է և պետք է շարունակի օգնել պատանուն՝ լուծելու կյանքի տարբեր անհայտներով հավասարումները։

Վարդգես Պետրոսյան «Հավասարում բազմաթիվ անհայտներով» գրքից
«Սովետական գրող» հրատարակչություն, 1977 թ․













Комментариев нет: